«Թեքեյան» արվեստի կենտրոնում բացվել է Սերգեյ Գասպարյանի լուսանկարչական աշխատանքների «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» խորագիրը կրող ցուցահանդեսը: Սերգեյ Գասպարյանը ծնվել է Մոսկվայում, բժիշկների ընտանիքում: Մասնագիտությամբ նեյրովիրաբույժ է: 35 տարի աշխատում է Ռուսաստանի առաջատար և համաշխարհային ճանաչում ունեցող ՌԲԳԱ-ի Ն. Ն. Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես վիրահատության բլոկի բաժնի պետ, բժշկական գիտությունների դոկտոր: Ազատ ժամանակը նվիրում է լուսանկարչությանը, ակտիվորեն մասնակցում է մոսկովյան լուսանկարչության միջավայրի կյանքին: Պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության (լուսանկարչության բաժին) անդամ է: Մասնակցել է մեծ թվով ցուցահանդեսների: «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» լուսանկարչի հայաստանյան առաջին անհատական ցուցահանդեսն է: Կազմակերպիչն է photopodium.com միջազգային կայքը:
Photopodium.com-ի հայաստանյան ներկայացուցիչ, լուսանկարիչ ԱՐՄԵՆ ԵՆԳՈՅԱՆԸ համոզված է, որ ցուցահանդեսը կգրավի ոչ միայն լուսանկարչական արվեստի, կենդանական աշխարհի սիրահարներին, այլև մասնագետներին, քանի որ ներկայացված են գրագետ, Ճիշտ կոմպոզիցիայով, բարձր որակի աշխատանքներ: Սերգեյ Գասպարյանը ներկա չէր ցուցահանդեսին: Արմեն Ենգոյանի կարծիքով` եթե լուսանկարիչը կարողանա Հայաստան գալ, գուցե Սևանն էլ նրան հետաքրքրի: Զրուցակիցս նշեց նաև, որ Սերգեյ Գասպարյանը լուսանկարում է տարբեր ժանրերում: ՈՒնի բնանկարներ, սթրիթ-արտ ժանրի լուսանկարներ` արված տարբեր քաղաքներում:
Անդրադառնալով` «Բժիշկը երևում է լուսանկարներում» հարցին` ասաց. «Չեմ կարծում: Անակնկալ հարց է: Եթե ոչ բժշկական նյութ ես նկարում, ինչպե՞ս կարող են իմանալ` ո՞վ է լուսանկարիչը»:
Իսկ ահա լուսանկարիչ ՀԱԿՈԲ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ համոզմամբ` բժիշկը երևում է լուսանկարներում, մասնագիտական էությունը արտահայտում է. «Ես ավելի շատ սպասում էի, որ կերևա ստորջրյա կյանքը: Սակայն մոտեցման խնդիր է: Այս աշխատանքները շատ հետաքրքիր են ստորջրյա կենդանական աշխարհը ներկայացնելու առումով:
Եվ շատ մեծ փորձ են պահանջում, միայն լավ տեխնիկան բավական չէ: Պետք է և՛ լուսանկարչությանը ծանոթ լինես, և՛ կենսաբանություն իմանաս, մի քիչ էլ խիզախ լինես: Ցուցադրված լուսանկարները համապատասխանում են միջազգային չափանիշներին»:
ՈՒշագրավ են նաև լուսանկարների վերնագրերը: «Վերջին նավամատույց», «Գաճաճիկ», «Գարնանային ակնթարթ», «Շարժվեինք», «Կենդանի թակարդ», «Վտանգավոր հանդիպում», «Ամանորի երազ»: Կարծում եմ` վերնագրերն իրենց հերթին հետաքրքաշարժ, հումորային, էքստրեմալ, երբեմն էլ դրամատիկ երանգ են հաղորդում ստորջրյա աշխարհի գաղտնիքներին:
Հավելենք, որ Photopodium.com-ը կազմակերպում է ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում: «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» ցուցահանդեսը հաջորդիվ բացվելու է Մոսկվայում: Կայքում գրանցված են շուրջ մեկ տասնյակ լուսանկարիչներ` Արմեն Ենգոյան, Սամվել Սևադա, Գագիկ Գասպարյան, Ռուբեն Չախմախչյան և այլք:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ